ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

«Ես օլիգարխ չեմ»

«Ես օլիգարխ չեմ»
14.11.2008 | 00:00

ԲԼԻՑ
ԳԱԳԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
(ՀՀԿ խմբակցության անդամ, «ԴիՍիԷյ» ադամանդագործական ՓԲԸ-ի տնօրենների
խորհրդի նախագահ)
-Պարոն Աբրահամյան, քանի՞ օգնական եք պահելու։ Թեթևացրե՞ց նոր օրենքը Ձեր հոգսերը:
-Կպահեմ այնքան օգնական, որքան մինչ այժմ ունեցել եմ՝ երկուսը, որոնց մինչև հիմա ինքս էի վարձատրում:
-Իսկ հնարավո՞ր է՝ հրաժարվեք օրենքով սահմանված այդ վճարից ու այն «ուղղեք» դեպ պետբյուջե:
-Դա արդեն իմ որոշելիքն է. պետբյուջե կգնա, թե մեկ այլ տեղ, ես կորոշեմ:
-Կո՞ղմ եք քվեարկել օրինագծին:
-Այո: Որովհետև իմ օգնականներն իսկապես աշխատում են, թող լրացուցիչ վարձատրվեն: Չնայած միգուցե ես մտածեմ և այդ գումարը մի ուրիշ տեղ օգտագործեմ:
-Իսկ գիտե՞ք՝ որքա՞ն է ՀՀ-ում միջին աշխատավարձը:
-Միջի՜նը... Ասեմ-ասեմ` ինչքան է։ Կարծեմ՝ ութսուն հազար:
-Նվազագույնն էլ քսանհինգ է։ Տեսնո՞ւմ եք` պետությունն ուսուցչին քիչ է վճարում, բժշկին քիչ է վճարում, իսկ ահա պատգամավորի-օլիգարխների օգնականներին անձրևի դեմ յափնջի է տալիս` մի ամբողջ հարյուր հազարի տեսքով, որ լավ օգնեն պատգամավորներին, որ հոգս չլինեն պատգամավորի վրա, բարձրացնեն պատգամավորի, խորհրդարանի, նրա նախագահի իմիջը, դերը... յափնջին:
-Բժշկի, ուսուցչի մասով Ձեզ հետ համաձայն եմ, սակայն օրենք է ընդունվել, և ոչինչ անել չես կարող... Չէ, ես կմտածեմ այդ գումարներն ինչպես տնօրինել:
-Առաջարկ անե՞մ:
-Ոչ:
-Շատ լավ առաջարկ է:
-Չէ, առաջարկ մի՛ արեք: Ի դեպ, վերևում մոռացա ասել` ես օլիգարխ չեմ:
-Ե՛ս եմ օլիգարխ՝ այդպես էր գտել մի գործարար: Եվ, այնուհանդերձ, ո՞վ է ԱԺ-ում օլիգարխ:
-Օլիգա՞րխ... Դուք պարզեք, դա Ձեր գործն է: Ես նորից եմ ասում` կմտածեմ այդ գումարներն ինչպես տնօրինել:
-Ես առաջարկ ունեմ:
-Ոչ, Դուք առաջարկ անել չեք կարող, կարող եք Ձեր կարծիքը հայտնել, բարի խորհուրդ ասել, առաջարկ անել չեք կարող:
-Զրկում եք այդ իրավունքից լրագրողներին:
-Լավ, առաջարկեք, կարող եք:
-Առաջարկում եմ, որ բոլոր օլիգարխներով, ներեցեք` գործարար-պատգամավորներով հավաքվեք, քաղաքական կամք դրսևորեք և հրաժարվեք այդ գումարից և այն ուղարկեք որևէ մանկատան կամ ծերանոցի ֆոնդի:
-Այլոց փոխարեն որևէ բան ասել չեմ, կարող, բայց, թերևս, ինքներդ էլ լավատեղյակ եք, թե ինչպիսի բարեգործություն եմ ես իրականացնում, ինչի մասին, սակայն, երբեք չեմ բարձրաձայնում, որովհետև բարձրաձայնումից հետո այն դադարում է այդպիսին լինելուց: Երբ օրենքն ուժի մեջ մտնի, ես կմտածեմ:
-Իսկ ընդհանրապես գործարարները ժլա՞տ մարդիկ են:
-Դա շատ հարաբերական հասկացություն է։ Ժլատ են լրագրողները, որ մի օր մի լավ բանի մասին ափսոսում են գրեն, իսկ քննադատության մեջ շատ շռայլ են:
Ոտքի վրա զրուցեց Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 4040

Մեկնաբանություններ